Browsing Tag:

շպանկա

Դեսերտ

Ֆրանսիական աղանդեր Կլաֆուտի, բալով

Վերջերս այցելել էինք ամառանոց, որն ունի այգի բալի ծառերով: Դե բնականաբար առիթը բաց չթողեցի և մի մեծ դույլ բալ հավաքեցի, ափսոս էր: Իսկ ի՞նչ ենք անելու այդքան բալ: Մի մասը ուղղակի կերանք, մի մասը կոմպոտ սարքեցինք, իսկ այ մնացածը որոշեցի օգտագործել կլաֆուտի ֆրանսիական աղանդերի մեջ:

Կլաֆուտի

Կլաֆուտի

Կլաֆուտին ֆրանսիական աղանդեր է, որը հիմնականում պատրաստում են բալից, սակայն կարելի է օգտագործել այլ մրգեր՝ դեղձ, տանձ, խնձոր: Այն շատ հեշտ է պատրաստել: Անհրաժեշտ է բալը լվանալ, կորիզազերծել, շարել թխելու ֆորմայի մեջ և խմորը լցնել վրան: Միակ անհավես բանը դա կորիզազերծելու գործընթացն է, որի ընթացքում զգում ես քեզ պուանտիլիզմի վարպետ. հասցնում ես ներկել քեզ, հագուստդ, պատերը, կողքից անցնող գնացողներին բալի մուգ կարմիր գույնով: Էլ չասեմ մատների գույնի մասին այդ վիրահատությունից հետո: Անգամ մի քանի օր շարունակ հնարավոր է նոր բալագույն կետեր նկատես քեզ անհասկանալի տեղերում: Բայց, ասեմ որ, այդ ջանքերն արժեն ստանալու համար ամենա նուրբ և համեղ կլաֆուտին, որը ճաշակելիս պետք չի լինի տանջվել կորիզները բերանից հանել գեղեցիկ և արիստոկրատ ձևով 😀

Կլաֆուտին մատուցում են և տաք և սառը վիճակում: Պատկերացրեք, ջեռոցից հանելուց հետո վրան դնում ես 1-2 գնդիկ պաղպաղակ, որը սկսում է հալչել և մատուցում մեկ բաժակ սուրճով (դե կամ թեյով, հյութով և այլն): Մմ, հրաշք: Իրականում դասական կլաֆուտին պատրաստում են կորիզով բալից: Ասում են, որ կորիզները հատուկ դառնահամ են հաղորդում աղանդերին, ի շնորհիվ նրանցում պարունակվող ամիգդալին քիմիական միացության: Բայց ես նախընտրում եմ կորիզազերծված տարբերակը:

Այս անգամ ես օգտագործել եմ թխման համար մեծ ֆորմա, սակայն մյուս անգամ կպատրաստեմ հատուկ ջեռոցի համար նախատեսված փոքր կերամիկական ամանների մեջ, որոնք նաև չափաբաժնով են և հյուրեր ունենալու դեպքում շատ ավելի հարմար մատուցման պարագայում (պետք չի կտրատել և օգտագործել՝ կարդում ենք կեղտոտել, նոր սպասք):

Բաղադրատոմսն ու պատրաստման եղանակը ներքևում:

Կլաֆուտի բալով

Print Recipe
Serves: 10 հոգի Cooking Time: 1 ժամ

Ingredients

  • 500գ թարմ բալ (կարելի է իհարկե օգտագործել սառեցված, բայց դե թարմից լավ բան չկա)
  • 10գ կարագ
  • 100-150գ ալյուր
  • 4-8գ փխրեցուցիչ
  • 100գ շաքարավազ կամ շաքարի փոշի
  • 3հ հավկիթ
  • 250գ կաթ
  • 1 թ.գ. վանիլի պաստա կամ էքստրակտ, կամ էլ փոշի վանիլին

Instructions

1

Անհրաժեշտ է լվանալ, կորիզազերծել բալը, թխման տարան պատել կարագով և բալը հավասարապես բաշխել թխման տարայի մեջ:

2

Խմորը պատրաաստելու համար, խորը ամանի մեջ կոտրել հավկիթները, ավելացնել փխրեցուցիչը, շաքարավազը, վանիլը, կաթը և մաղած ալյուրը: Ալյուրը քիչ քիչ եմ ավելացնում, որպեսզի կարողանամ կառավարել խմորի խտությունը: Ես սիրում եմ, երբ խմորը պինդ չի լինում, ինչի հետևանքով կլաֆուտին շատ նուրբ է ստացվում: Ավելացրեք ըստ ձեր ցանկության: Այս անգամ մի քիչ պինդ էր ինձ մոտ ստացվել: Խառնուրդը հարեք միքսերով կամ ձեռքով մինչև ստանաք համասեռ զանգված, ոչ շատ ծորացող, ոչ էլ շատ պինդ, կռեպի խմորի նման:

3

Խմորը հավասարաչափ լցնել բալի վրա և տարան դնել ջեռոցը 200C տաքությամբ ջեռոցի մեջ: Թխել 30-40 րոպե կախված տարայի չափից:

Notes

Մատուցել թե տաք, թե գոլ, թե սառը: Ես նախընտրում եմ տաք և ավելացնում եմ 1-2 գնդիկ վանիլային պաղպաղակ: