All Posts By:

anis.kitchen

Դեսերտ

Բռաունի առանց ալյուրի սոճենու ընկույզով

Ո՞վ չի սիրում բռաունի: Նամանավանդ տաք, հալվող բռաունի` վանիլային պաղպաղակով: Այս անգամ պատրաստեցի այն սոճենու ընկույզով: Կարող եք պատրաստել ցանկացած այլ ընդեղենով: Խորհուրդ կտամ տանը միշտ ունենալ շոկոլադ, որ հարկ եղած ժամանակ պատրաստեք: Կպահանջվի մոտ 15 րոպե բաղադրիչները պատրաստելու համար: Կարևոր է օգտագործել լավ որակի շոկոլադ:

Բաղադրատոմսը ներքևում:

Օգտագործել եմ երկու շոկոլադե սալիկ, որոնք մանր կտրատել եմ:

Սովորաբար շատ քիչ ալյուր է անհրաժեշտ: Ալյուր չօգտագործելու համար, նախընտրում եմ ավելացնել կակաո փոշի:
Սոճենու ընկույզը յուրահատուկ համ է հաղորդում թխվածքին: Ընկույզի համը ըդգծելու համար այն անհրաժեշտ է բովել:

Շոկոլադը և կարագը հալեցնում եմ շոգեբաղնիքի վրա:

Հավկիթները հարում եմ շաքարավազով: Նախկինում դեղնուցն ու սպիտակուցը առանձին էի հարում, սակայն պարզեցի, որ տարբերությունը մեծ չէ, ուստի ժամանակ խնայելու համար սկսեցի միասին հարել:

Շոկոլադը հալեցնելուց հետո պետք է մի փոքր սառչի` նախքան հավկիթներին ավելացնելը: Շոկոլադը ավելացնելուց հետո լցրեք կակաո փոշին և վանիլի էքստրակտը:

Զանգվածը խառնելուց հետո ավելացրեք սոճենու ընկույզ կամ ցանկացած այլ ընդեղեն:

Ստացված խմորը տարածեք թխման տարայի մեջ և թխեք ջեռոցում մոտ 20-30ր: Հետևեք, որ բռաունին շատ չթխվի ու մնա թաց և փափուկ:

Պատրաստ լինելուն պես թողեք, որ բռաունին մի փոքր սառչի և մատուցեք: Կարող եք ամեն պատառի վրա դնել պաղպաղակ:

Բռաունի սոճենու ընկույզով

Print Recipe
Serves: 16 Cooking Time: 45ր

Ingredients

  • 200գ շոկոլադ
  • 125գ կարագ
  • 4հ հավկիթ
  • 150գ շաքարավազ
  • 60գ կակաո
  • 100գ սոճենու ընկույզ կամ ցանկացած այլ ընդեղեն
  • վանիլի էքստրակտ (կամ փոշի) ըստ ճաշակի

Instructions

1

Հալեցնել շոկոլադը և կարագը շոգեբաղնիքի վրա, այնուհետև սառեցնել:

2

Հավկիթներին ավելացնել շաքարավազ և հարել (էլեկտրական հարիչով կամ ձեռքով):

3

Ստացված զանգվածին ավելացնել հալեցրած շոկոլադի զանգվածը և խառնել:

4

Ավելացնել կակաո փոշին, վանիլը և խառնել:

5

Ընկույզները ավելացնել ստացված խմորային զանգվածին:

6

Խմորը տարածել թխման տարայի մեջ: Ինձ մոտ 21սմ երկարությամբ քառակուսի ապակե տարա է:

7

Թխել ջեռոցում 150C-ում, մոտ 25ր: Անհարժեշտ է հետևել, որ բռաունին շատ չթխվի և ներսում մնա թաց: Իհարկե, եթե հավանում եք չոր տարբերակը, ապա մի հապաղեք և թխեք ավելի երկար:

8

Պատրաստ լինելուն պես հանեք ջեռոցից և մատուցելուց առաջ թողեք, որ մի փոքր սառչի:

Notes

Կարելի է մատուցել պաղպաղակով: Ես նախընտրում եմ վանիլայինով: Կտրատեք փոքր քառակուսերի տեսքով, քանի որ բռաունին շատ հագեցած է շոկոլադով: Կարծում եմ ամեն կտորը շատ կալորիա է պարունակում:

Արագ պատառ/ Նախաճաշ

Թխուկ կանաչ սոխով և հավկիթով

Քանի դեռ կանաչ սոխը առկա է շուկայում, ապա անպայման պատրաստեք սոխով և հավկիթով այս թխուկը: Շատ համեղ է և հեշտ է պատրաստել: Այս ցուրտ եղանակին անուշ ամառային բույրը կլցվի ձեր խոհանոց:

Բաղադրատոմսը ամենա ներքևում:

Ահա այն ամենը, ինչը հարկավոր է թխուկը պատրաստելու համար:

Նախօրոք խաշեք ձուն և կտրատեք կանաչ սոխի հետ միասին:

Միջուկը ստանալու համար սոխն ու հավկիթը խառնեք և ավելացրեք ձեր սիրած համեմունքները: Ինձ մոտ պարզապես աղ ու սև պղպեղ է:

Խմորը պատրաստելու համար.

  1. թթվասերին ավելացրեք աղ և շաքարավազ
  2. այնուհետև ավելացրեք հալեցրած կարագ և հարած հավկիթներ
  3. ստացված զանգվածին ավելացրեք ալյուր, փխրեցուցիչի հետ միասին

Պետք է ստացվի խյուսանման զանգված:

Ներքևի շերտը ստանալու համար թխելու ֆորման պատեք կարագով և խմորի կեսը հավասարաչափ լցրեք նրա մեջ: Միջուկը ավելացրեք անմիջապես խմորի վրա:

Թխուկի վերին շերտը ստանալու համար մնացած խմորը լցրեք միջուկի վրա և հավասարեցրեք:

Ուղարկում ենք 200C տաքացրած ջեռոց և թխում ենք 30-40 րոպե մինչև երեսը դառնա ոսկեգույն:

Թխուկ կանաչ սոխով և հավկիթով

Print Recipe
Serves: 10 Cooking Time: 1ժ

Ingredients

  • Միջուկի համար
  • 1 կապ կանաչ սոխ
  • 4հ խաշած հավկիթ
  • Խմորի համար
  • 350գ թթվասեր
  • 140գ կարագ
  • 270գ ալյուր
  • 1 ճ.գ փխրեցուցիչ
  • 1/2 ճ.գ շաքարավազ
  • աղ և պղպեղ ըստ ճաշակի

Instructions

1

4 հատ հավկիթը խաշեք և մանր կտրատեք:

2

Սոխը լվացեք, չորացրեք և կտրատեք:

3

Միջուկը պատրաստելու համար խառնեք սոխն ու հավկիթը և համեմեք ավելացնելով աղ և պղպեղ:

4

Խմորը պատրաստելու համար թթվասերին ավելացրեք աղ, շաքարավազ և խառնեք:

5

Ավելացրեք հալեցրած կարագը և խառնեք:

6

Ավելացրեք հարած երկու հավկիթները, ապա խառնեք:

7

Ստացված զանգվածին ավելացրեք ալյուրը, փխրեցուցիչի հետ միասին և կրկին խառնեք: Պետք է ստացվի խյուսանման խմոր:

8

Ներքևի շերտը ստանալու համար թխելու ֆորման պատեք կարագով և խմորի կեսը հավասարաչափ լցրեք նրա մեջ: Միջուկը ավելացրեք անմիջապես խմորի վրա:

9

Թխուկի վերին շերտը ստանալու համար, մնացած խմորը լցրեք միջուկի վրա և հավասարեցրեք:

10

Թխեք 200C տաքացրած ջեռոցում 30-40 րոպե մինչև երեսը դառնա ոսկեգույն:

Notes

Համտեսեք, թե տաք, թե սառը վիճակում: Ես նախընտրում եմ մատուցել տաք վիճակում, սև թեյով:

Նախաճաշ

Պուդինգ չիա սերմերով և հատապտուղներով

Իմ սիրած նախաճաշերից է, հեշտ է պատրաստել, համեղ է և սննդարար: Պուդինգը պատրաստում եմ քաղցր մածունով կամ կեֆիրով: Կարելի է պատրաստել նաև կաթով, սակայն ես կաթ չեմ խմում և փոխարենը պատրաստում եմ նուշի կաթով: Կարելի է վերցնել ցանկացած սառեցված կամ թարմ հատապտուղ: Ես ինքս սառեցրել էի կոկռոշենի (крыжовник) և կարմիր հաղարջ:

Տեսեք ինչ գեղեցիկ են սառը գնդիկները:

Անհրաժեշտ է լինելու վանիլի էքստրակտ կամ վանիլին, դարչին և մեղր:

Նաև ընդեղեն, ինձ մոտ նուշ է:

Նախօրոք չիան անհրաժեշտ է թրջել մածունով/կեֆիրով/կաթով: Ես դա անում եմ երեկոյան ուշ, որ առավոտյան պատրաստ լինի: Իրականում չիային մոտ 10-20 րոպե է պահանջվում հեղուկը ներծծելու և փափկելու համար: Այնպես որ հարմար է անել երեկոյան:

Բլենդերով մանրացրեք հատապտուղները մինչև խյուս դառնա:

Ընթացքում ավելացրեք մեղրը, դարչինը և վանիլը:

Կստացվի այսպիսի խյուս:

Այնուհետև պարզապես թրջած չիայի վրա ավելացրեք հատապտղային խյուսը և վրան զարդարեք նուշով կամ այլ համեղ բաներով: Ես ազնվամորի էլ դրեցի: Վերջում կարող եք հավելյալ դարչին ցանել:

Բարի ախորժակ և լավ օր:

Սա էլ պատրաստությունները, թղթին էի հանձնում, թե ինչպես և ինչ բաղադրամասեր ընտրել:

Պուդինգ չիա սերմերով և հատապտուղներով

Print Recipe
Serves: 1 Cooking Time: 30ր

Ingredients

  • 2 ճաշի գդալ չիայի սերմ
  • 1/2 բաժակ քացր մածուն/կեֆիռ/կաթ
  • 1/2 բաժակ կոկռոշենի
  • 1/2 բաժակ հաղարջ
  • 1 ճաշի գդալ մեղր
  • 1/2 թեյի գդալ դարչին
  • 1/2 թեյի գդալ վանիլի էքստրակտ կամ սովորական վանիլինի փոշի
  • 5 հատ նուշ
  • Ազնվամորի զարդարելու համար

Instructions

1

Նախօրոք չիան անհրաժեշտ է թրջել մածունով/կեֆիրով/կաթով:

2

Բլենդերով մանրացրեք հատապտուղները մինչև խյուս ստանաք:

3

Խյուսին ավելացրեք մեղրը, դարչինը և վանիլի էքստրակտը:

4

Այնուհետև պարզապես թրջած չիայի վրա ավելացրեք հատապտղային խյուսը և վրան զարդարեք նուշով, ազնվամորիով կամ այլ համեղ բաներով:

5

Վերջում կարող եք հավելյալ դարչին ցանել:

Notes

Օգտագործեք ցանկացած հատապտուղ, թե թարմ, թե սառեցված:

Լիմոնադ

Լիմոնադ չիայի սերմերով

Շոգ եղանակին պարտադիր է հետևել, թե ինչքան ջուր ենք խմում, քանի որ հնարավոր է ջրազրկվել, առանց անգամ նկատելու: Սակայն ոչ բոլորն են հետևում, թե քանի բաժակ ջուր են խմել օրվա ընթացքում: Իսկ ջուր խմելու գործընթացը հաճելի դարձնելու համար առաջարկում եմ պատրաստել զովացուցիչ լիմոնադ:

Լիմոնադի համար օգտագործել եմ ալոեի օշարակ, որը գնել էի Փարիզից: Վերջինս կարելի է փոխարինել մեղրով, վարդի թերթիկների կամ այլ օշարակներով: Ալոեի օշարակը կարելի է պատրաստել ինքնուրույն: Գաղտնիք չէ, որ ալոեն պարունակում է բազմաթիվ միկրոէլեմենտներ և շատ առողջարար է: Անհրաժեշտ է գնել ալոեի հյութ (կամ վարդի ջուր) և քաղցրության համար ավելացնել մեղր կամ ագավայի նեկտար (եթե չեք օգտագործում կենդանական ծագում ունեցող մթերք): Ես ինքս նախընտրում եմ պատրաստել ալոեով` կստանաք շատ հետաքրքիր և հաճելի համով լիմոնադ:

Չիայի կամ եղեսպակի մասին կարող եք կարդալ հղումով: Շատ օգտակար սերմ է, որը լիմոնադին հետաքրքիր կառուցվածք է տալիս, իսկ խմելու ընթացքում բերանում առաջացնում է հաճելի զգացում: Երեխաները շատ կհավանեն:

Չիան նախօրոք անհրաժեշտ է թրջել ջրում: Կպահանջվի մոտ 10 րոպե, որ սերմերը ներծծեն ջուրը և մեծանան չափսերով: Կարելի է իհարկե սերմերը միանգամից ավելացնել սափորի մեջ, սակայն նախօրոք թրջելով շատ ավելի հեշտ կլինի ստանալ համասեռ զանգված:

Թրջելուց հետո սերմերը վերածվում են դոնդողանման զանգվածի:

Մի քանի կտոր կիտրոն ավելացրեք, սակայն երկար չթողնեք ջրում, քանի որ այն կարող է դառը համ հաղորդել:

Լիմոնադը պատրաստ է: Այսօրվա նախաճաշին պատրաստել էի նաև կաթնաշոռային բլիթներ, որոնց բաղադրատոմսը կներակաայցնեմ քիչ ուշ:

Լիմոնադ չիայի սերմերով

Print Recipe
Serves: Cooking Time: 15ր

Ingredients

  • 2-3 ճ.գ. ալոեի օշարակ (փոխարինեք մեղրով, վարդի թերթիկների կամ այլ օշարակով)
  • 3-4 կտոր կիտրոն
  • 2 ճ.գ. չիայի սերմեր
  • 1 լ ջուր

Instructions

1

Չիայի սերմերը 10 րոպե թրջեք ջրում, մինչև վերածվեն դոնդողանան զանգվածի:

2

Ջրին ավելացրեք ալոեյի օշարակը, կիտրոնի կտորները, չիայի սերմերը և լավ խառնեք:

3

Պահեք սառնարանում, մատուցելիս կարելի է ավելացնել սառույց և ձևավորել անանուխի տերևով:

Notes

Կիտրոնի կտորները երկար չթողնեք ջրում, քանի որ այն կարող է դառը համ հաղորդել:

Դեսերտ

Ֆրանսիական աղանդեր Կլաֆուտի, բալով

Վերջերս այցելել էինք ամառանոց, որն ունի այգի բալի ծառերով: Դե բնականաբար առիթը բաց չթողեցի և մի մեծ դույլ բալ հավաքեցի, ափսոս էր: Իսկ ի՞նչ ենք անելու այդքան բալ: Մի մասը ուղղակի կերանք, մի մասը կոմպոտ սարքեցինք, իսկ այ մնացածը որոշեցի օգտագործել կլաֆուտի ֆրանսիական աղանդերի մեջ:

Կլաֆուտի

Կլաֆուտի

Կլաֆուտին ֆրանսիական աղանդեր է, որը հիմնականում պատրաստում են բալից, սակայն կարելի է օգտագործել այլ մրգեր՝ դեղձ, տանձ, խնձոր: Այն շատ հեշտ է պատրաստել: Անհրաժեշտ է բալը լվանալ, կորիզազերծել, շարել թխելու ֆորմայի մեջ և խմորը լցնել վրան: Միակ անհավես բանը դա կորիզազերծելու գործընթացն է, որի ընթացքում զգում ես քեզ պուանտիլիզմի վարպետ. հասցնում ես ներկել քեզ, հագուստդ, պատերը, կողքից անցնող գնացողներին բալի մուգ կարմիր գույնով: Էլ չասեմ մատների գույնի մասին այդ վիրահատությունից հետո: Անգամ մի քանի օր շարունակ հնարավոր է նոր բալագույն կետեր նկատես քեզ անհասկանալի տեղերում: Բայց, ասեմ որ, այդ ջանքերն արժեն ստանալու համար ամենա նուրբ և համեղ կլաֆուտին, որը ճաշակելիս պետք չի լինի տանջվել կորիզները բերանից հանել գեղեցիկ և արիստոկրատ ձևով 😀

Կլաֆուտին մատուցում են և տաք և սառը վիճակում: Պատկերացրեք, ջեռոցից հանելուց հետո վրան դնում ես 1-2 գնդիկ պաղպաղակ, որը սկսում է հալչել և մատուցում մեկ բաժակ սուրճով (դե կամ թեյով, հյութով և այլն): Մմ, հրաշք: Իրականում դասական կլաֆուտին պատրաստում են կորիզով բալից: Ասում են, որ կորիզները հատուկ դառնահամ են հաղորդում աղանդերին, ի շնորհիվ նրանցում պարունակվող ամիգդալին քիմիական միացության: Բայց ես նախընտրում եմ կորիզազերծված տարբերակը:

Այս անգամ ես օգտագործել եմ թխման համար մեծ ֆորմա, սակայն մյուս անգամ կպատրաստեմ հատուկ ջեռոցի համար նախատեսված փոքր կերամիկական ամանների մեջ, որոնք նաև չափաբաժնով են և հյուրեր ունենալու դեպքում շատ ավելի հարմար մատուցման պարագայում (պետք չի կտրատել և օգտագործել՝ կարդում ենք կեղտոտել, նոր սպասք):

Բաղադրատոմսն ու պատրաստման եղանակը ներքևում:

Կլաֆուտի բալով

Print Recipe
Serves: 10 հոգի Cooking Time: 1 ժամ

Ingredients

  • 500գ թարմ բալ (կարելի է իհարկե օգտագործել սառեցված, բայց դե թարմից լավ բան չկա)
  • 10գ կարագ
  • 100-150գ ալյուր
  • 4-8գ փխրեցուցիչ
  • 100գ շաքարավազ կամ շաքարի փոշի
  • 3հ հավկիթ
  • 250գ կաթ
  • 1 թ.գ. վանիլի պաստա կամ էքստրակտ, կամ էլ փոշի վանիլին

Instructions

1

Անհրաժեշտ է լվանալ, կորիզազերծել բալը, թխման տարան պատել կարագով և բալը հավասարապես բաշխել թխման տարայի մեջ:

2

Խմորը պատրաաստելու համար, խորը ամանի մեջ կոտրել հավկիթները, ավելացնել փխրեցուցիչը, շաքարավազը, վանիլը, կաթը և մաղած ալյուրը: Ալյուրը քիչ քիչ եմ ավելացնում, որպեսզի կարողանամ կառավարել խմորի խտությունը: Ես սիրում եմ, երբ խմորը պինդ չի լինում, ինչի հետևանքով կլաֆուտին շատ նուրբ է ստացվում: Ավելացրեք ըստ ձեր ցանկության: Այս անգամ մի քիչ պինդ էր ինձ մոտ ստացվել: Խառնուրդը հարեք միքսերով կամ ձեռքով մինչև ստանաք համասեռ զանգված, ոչ շատ ծորացող, ոչ էլ շատ պինդ, կռեպի խմորի նման:

3

Խմորը հավասարաչափ լցնել բալի վրա և տարան դնել ջեռոցը 200C տաքությամբ ջեռոցի մեջ: Թխել 30-40 րոպե կախված տարայի չափից:

Notes

Մատուցել թե տաք, թե գոլ, թե սառը: Ես նախընտրում եմ տաք և ավելացնում եմ 1-2 գնդիկ վանիլային պաղպաղակ: